Friday 13 July 2012

ԲԱՏՄԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՃԱՌ ԵՒ ՀԵՏԵՒԱՆՔ

Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ:

Մի՛ լինիր ստվերը, արձագանքը, նմանությունը ուրիշների, որ հարկադրված չլինես ծիծաղելիորեն կրելու այլոց գաղափարներն ու տեսակետները, ինչպես կրում ես ուրիշի ձեռքով պատրաստված զգեստներդ: Ամենաեականը` որպեսզի արթնանան հոգուդ հեքեաթային ուժերը եւ ծառայեն քեզ:
Այդ մասին ասել եմ քեզ: Ավելացնեմ, թէ բավական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածություններ ունենալը: Պէտք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար: Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթէ ոչ գումարը մեր մտածումների: Մեր արարքները ծնունդ են առնում եւ կազմակերպվում նախ մեր ուղեղի եւ հոգու մեջ: Անհատի եւ ազգի ճակատագիրը բնորոշվում եւ դարբնվում է այն մտածումներով, որ այդ վերջինները երկարօրեն սնուցել են իրեն մեջ: Տկարություն թե հզորություն, պարտություն թե հաղթանակ, տառապանք թե երջանկություն, - այդ բոլորի հեղինակը ի՛նքը, անհա՛տն է, ժողովո՛ւրդը, եւ ոչ սրանց թշնամիները, եւ ոչ դիպվածը: Պատճառ ու հետեւանք - միեւնույն փոխհարաբերությունն ունեն ինչպես նյութական, այնպես էլ մտա-բարոյական աշխարհում: Ահա թէ ինչո՛ւ մեր պայքարը պարագաների եւ հետեւանքների դէմ պիտի չլինի ուղղւած, որ դուրս են մեզնից, այլ` պատճառների դէմ, որ մեր մէջ են: Մտածումներից ծնունդ է առնում ցանկութիւնը, սրանից` ձգտումը. իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով եւ անհատը մատնում է իր մտածումների բնոյթը: Պարբերաբար ընդունած ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար յատկութիւններ, պայմաններ, եւ որպէս արդիւնք այդ բոլորի - մեր ճակատագիրը: Հսկի՛ր մտածումներիդ մաքրութեան ու վսեմութեան վրայ: Յաճախ «քաղհանք»ի ենթարկիր մտքերդ, զտի՛ր: Ամէն մտածում, հենց որ տեղ գրաւեց գլխիդ մէջ, պիտ ձգտի արտայայտւել: Չար, ստոր, եսական մտածումները քեզ պիտ մղեն համապատասխան քայլեր առնելու: Արդար, անձնւէր, ասպետական մտածումներն, ընդհակառակը, քեզ պիտ դարձնեն հեղինակը
«Մենք,- ասել է իմաստասէրը,- մենք չենք կարող արգիլել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանութիւնն ունենք թոյլ չտալու նրանց, որ իրենց բոյնը շինեն մեր գլխի վրայ»: Այս ձեւով վարւիր մտածումներիդ հետ: Թոյլ մի տար, որ վատերը իրենց բոյնը հիւսեն ուղեղիդ մէջ: Ամրացի՛ր վսեմ մտածումների մէջ - եւ դու կը տիրես ներքին խաղաղութեան: Իսկ գիտե՞ս, որ որքան հոգեպէս անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա: Քո կեանքի արտաքին պայմանները - ինչպէս եւ քո ժողովրդի - հարազատ ծնունդն են քո հոգեկան վիճակի, իսկ այդ վերջինը` քո մտածումների: Արդարեւ, մեզնից ամէն մէկը, մի հոգեբանի պատկերաւոր արտայայտութեամբ, «հաւաքում է քաղցր ու դառն պտուղները իր մտքի տնտեսութեան»: Տանջանքն ու տխրութիւնը միշտ էլ հետեւանք են վատառողջ մտքերի, որոնք ցոյց են տալիս, թէ անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ:
Հեռո՛ւ, ուրեմն, այն ստոր մտածումներից, որոնք բիւրեղանում են որպէս դատապարտելի սովորութիւններ եւ տանջող պայմաններ մեզ համար:
Հեռո՛ւ նւաստ ու երկչոտ խոհերից, որոնք սնուցում են մեր վարանոտ ու անվճռական յատկութիւնները, դարձնելով մեզ հոգեւոր ստրուկ, միշտ ենթակայ նւաստացումի եւ զրկանքների: Միշտ վեհ, ազնիւ, արիական մտածումներ, որոնք բիւրեղանում են որպէս ուրախութիւն, ներքին հանգիստ, քաղցրութիւն, դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի: Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների: Մտածումը, նայած իր բնոյթին, ե՛ւ սպանիչ է, ե՛ւ յարուցիչ, փրկիչ:
Հրաշագործ է մտքի ոյժը: Դո՛ւ, երիտասարդ զրուցընկեր, դո՛ւ, որ հրամայողաբար պիտ լինես ուժեղ, դու եւս ապաւինիր վսեմ մտածումի փրկարար ոյժին: Եւ որովհետեւ ուխտիդ բերումով քեզ վիճակւած է եւ ղեկավարի պատասխանատու դեր, սովորի՛ր իմաստնօրէն ղեկավարել նա՛խ սեփական մտածումներդ ու ցանկութիւններդ:

Գարեգին Նժդեհ